Սրտանոթաբանություն
Սրտամկանի ինֆարկտ
Սրտամկանի ինֆարկտը սրտի իշեմիկ հիվանդության կլինիկական ձևերից մեկն է, որի ախտածագման մեջ կարևորում են խոշոր և միջին տրամաչափի պսակային անոթների աթերոսկլերոզը, սպազմը, արյան ռեոլոգիական հատկությունների խանգարումը, ախտահարված պսակային անոթներում թրոմբագոյացումը, սրտամկանի հատվածի արյան մատակարարման հանկարծակի նվազումը և մեռուկացումը։
Ինֆարկտի անմիջական պատճառ են դառնում աթերոսկլերոտիկ վահանիկի պատռումը կամ ճեղքումը, թրոմբոցիտների ագրեգացիայի աճն ու աթերոսկլերոտիկ վահանիկի մոտակայքում պսակային անոթի կծկումը։
Ըստ խոշոր պոպուլյացիոն հետազոտությունների տվյալների` սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների մահացությունը 50% է, ըստ որում` մահացության մոտավորապես կեսը գրանցվում է հիվանդության առաջին 2 ժամերին։ Հատկանշական է, որ վերջին 30 տարիների ընթացքում սրտաբանական կլինիկաների ցանցի համատարած ընդարձակման հաշվին զարգացած երկրներում հաջողվեց ներհիվանդանոցային մահացությունը 30%-ից հասցնել 10%-ի։
Մահացության նվազեցման խնդրում կարևոր դեր ունի հիվանդության առաջին րոպեների, ժամերի ընթացքում իրականացվող թրոմբոլիտիկ թերապիան։ Զարգացած երկրներում տարվում են կազմակերպչական աշխատանքներ` հիվանդին հնարավորին չափ շուտ բուժօգնություն ցուցաբերելու և թրոմբոլիտիկ թերապիան նախահոսպիտալային փուլի վաղ ժամկետներում կազմակերպելու համար։
Պետք է նշել, որ Ֆրանսիայում շտապօգնության մասնագետների խումբը հասնում է սրտամկանի ինֆարկտով հիվանդին կանչ տալուց 15 րոպե անց։ Մեծ Բրիտանիայում տվյալ խումբը 95% դեպքերում սպասարկում է հիվանդին կանչ տալուց 15 րոպե անց քաղաքներում և 19 րոպե անց` գյուղաբնակ վայրերում, և հիվանդների կեսին մատուցում բուժօգնություն 8 րոպեների ընթացքում։ Ֆինլանդիայում սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդը հոսպիտալացվում է հիվանդության առաջին 2, ԱՄՆ-ում` 2,7 ժամերի ընթացքում։ ԱՄՆ-ում թրոմբոլիտիկ թերապիան սկսվում է հիվանդության առաջին ժամվա ընթացքում 6% դեպքերում, 1-2 ժամվա ընթացքում` 32% և 2-3 ժամվա ընթացքում` 58%։
Հայաստանում սրտամկանի ինֆարկտի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ այն բնակչության մահացության հիմնական պատճառներից մեկն է։ Տարեկան սրտամկանի ինֆարկտից մահանում է 533-675 մարդ, ինչը ընդհանուր մահացության 14,5-20% է։ Արձանագրվել է սրտամկանի ինֆարկտից մահացության ամենամյա աճ (1990 թ.` 54 մահ` 100 000 բնակչի հաշվով, 1997 թ.` 59,5, իսկ 1998 թ.` 67)։
Ռիսկի գործոններ
- Տարիք։ Սրտամկանի ինֆարկտի վտանգը մեծ է 45-ից մեծ տղամարդկանց և 55-ից մեծ կանանց շրջանում։
- Արական սեռ։ Տղամարդիկ ավելի խոցելի են սրտամկանի ինֆարկտի առումով, քան կանայք (մինչև դաշտանադադարի շրջանը)։
- Ընտանեկան անբարենպաստ անամնեզ։ Սրտամկանի ինֆարկտի ընտանեկան դեպքեր երիտասարդ տարիքում (մինչև 55 տարեկան` տղամարդկանց և մինչև 65 տարեկան` կանանց շրջանում)։
- Աթերոսկլերոզի հարաճի գործոններ. զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ, հիպերխոլեստերոլեմիա (հիպերտրիգլիցերիդեմիա), ծխելու սովորույթ։
- Այլ գործոններ (նշված են «Սրտի իշեմիկ հիվանդություն» բաժնում)։
Սրտամկանի ինֆարկտ կասկածելիս բժիշկը պետք է պարզի հետևյալը։
- Ցանկալի է ստույգ որոշել կրծքավանդակի ցավի նոպայի սկիզբն ու տևողությունը (մինչև 15, 15-20 կամ 20 րոպեից ավելի)։
- Օգտագործվե՞լ է արդյոք նիտրոգլիցերին և ստացվե՞լ է արդյունք (ցավի անգամ կարճատև մեղմացում)։
- Առկա՞ է արդյոք կապ ցավի և մարմնի դիրքի, շարժումների, շնչառության միջև (բացակայում է կորոնարոգեն ցավի դեպքում)։
- Եղե՞լ են արդյոք ցավի նման նոպաներ նախկինում։
- Առաջացե՞լ են արդյոք երբևիցե ցավի կամ շնչահեղձության նոպաներ ֆիզիկական լարվածության, քայլելու ժամանակ և ստիպե՞լ են հիվանդին կանգ առնել։ Ինչքա՞ն են այդ նոպաները տևել (քանի րոպե), անցե՞լ են նիտրոգլիցերինից։ Եթե հիվանդը նախկինում տառապել է լարվածության ստենոկարդիայով, ապա սրտամկանի սուր ինֆարկտի հավանականությունը մեծ է։
- Նմա՞ն է արդյոք ներկայիս ցավային նոպան նախկինում ֆիզիկական լարվածության ժամանակ առաջացող նոպաներին` տեղակայումով և ցավի բնույթով։ Սրտամկանի ինֆարկտի ժամանակ ցավն ավելի սաստիկ է։
Ըստ ԱՀԿ չափանիշների` սրտամկանի ինֆարկտի ախտորոշման համար անհրաժեշտ է սրտամկանի իշեմիային բնորոշ 3 նշաններից առնվազն 2-ի առկայությունը։
- Սրտամկանի իշեմիային բնորոշ կրծքավանդակի ցավ (դիսկոմֆորտ), որը տևում է 15 րոպե և ավելի։
- ԷՍԳ-ի վրա ST սեգմենտի փոփոխություն, նոր ախտաբանական Q ատամիկի առաջացում և ԷՍԳ պատկերի բնորոշ դինամիկա։
- Արյան մեջ կարդիոսպեցիֆիկ ֆերմենտների (սրտամկանի բջիջների վնասման մարկերների) մակարդակի աճ և դինամիկ փոփոխություն։
Սրտամկանի ինֆարկտի ախտորոշում
Սրտամկանի ինֆարկտի մասին վկայող կլինիկական տվյալները
- Ստորին ծնոտի, մեջքի, ուսերի, ձեռքերի, դաստակի, վերորովայնի դիսկոմֆորտ (ճնշող, սեղմող, այրող բնույթի)։
- Ցավ։ Սովորաբար ցավը խիստ արտահայտված է, տեղակայվում է հետկրծոսկրային շրջանում, բութ, ճնշող բնույթի է, ճառագայթում է պարանոց, ստորին ծնոտ, մեջք, ուսեր, ձեռքեր, դաստակ, վերորովայն։ Հաճախ զարգանում է անկայուն ստենոկարդիայի նոպայից հետո, նիտրոգլիցերինի ազդեցությունը բավարար չէ, տևողությունը` 20 րոպեից ավելի։
- Հևոց։
- Նողկանք, փսխում։
- Թուլություն, գլխապտույտ, սրտխփոց։
- Տագնապ կամ մահվան վախ։
- Սառը կպչուն քրտինք։
- Ենթատենդային վիճակ (սկվում է մի քանի ժամից և տևում մի քանի օր)։
- Զարկերակային հիպերտենզիա` արտահայտված ցավի և հիպոտենզիա` կարդիոգեն շոկի ժամանակ։
- Տախիկարդիա կամ բրադիկարդիա (հաճախ` ստորին ինֆարկտի և նախասիրտ-փորոքային հանգույցի ախտահարման ժամանակ)։
- III և IV տոների առաջացում, գալոպի ռիթմ, լծային երակների արտափքում, թոքերի ստորին հատվածներում` խզզոցներ։
- Սիստոլիկ աղմուկ (պտկիկային մկանի կամ միջփորոքային միջնապատի պատռվածքի դեպքում)։
- Պերիկարդի քսման աղմուկ (առաջանում է տրանսմուրալ ինֆարկտի 3-4-րդ օրը, տևում է մի քանի ժամ)։
Սրտամկանի ինֆարկտի մասին վկայող ԷՍԳ-ի հավաստի փոփոխությունները (առկայությունն առնվազն 2 հարակից արտածումներում պարտադիր է)
- Առնվազն 0,03 վայրկյան տևողությամբ և նույն արտածման մեջ R ատամիկի 1/4-ից ավելի ամպլիտուդով (կամ 2 մմ-ից ավելի) նոր Q ատամիկի ձևավորում հետևյալ արտածումներից երկուսում.
— II, III կամ aVF,
— V1-V6,
— I և aVL։
- Նշված երկու հարակից արտածումներում ST սեգմենտի նոր առաջացած բարձրացում կամ իջեցում իզոգծից 1 մմ-ից ավելի` j կետից (QRS կոմպլեքսի և ST սեգմենտի միացման կետ) 0,02 վայրկյան հետո։
- Հիսի խրձի նոր առաջացած լրիվ պաշարում` համապատասխան կլինիկայի առկայության դեպքում։
Սրտամկանի ինֆարկտին բնորոշ են ոչ միայն ԷՍԳ փոփոխությունները, այլև դրանց դինամիկան։ Այդ պատճառով կարևոր է կատարել ԷՍԳ դինամիկայում և համեմատել վերջին պատկերը նախորդների հետ։
Q ատամիկով սրտամկանի ինֆարկտի ժամանակ ԷՍԳ դինամիկան
- Սրագույն շրջան (տևողությունն` առաջին 2 ժամը). T ատամիկի ամպլիտուդի զգալի աճ, ST սեգմենտի արտահայտված շեղում դեպի վեր և T ատամիկի հետ մեկտեղ մոնոֆազ կորի («կատվի մեջքի» ախտանիշ) ձևավորում։ Ռեցիպրոկ արտածումներում կարող է գրանցվել ST սեգմենտի դեպրեսիա` վկայելով սրտամկանի մեծ չափերի ինֆարկտի մասին։
- Սուր շրջան (մի քանի ժամից մինչև 2 շաբաթ). ST սեգմենտը կորաձև բարձրացած է, առաջանում է Q ատամիկ կամ QS կոմպլեքս, R ատամիկի ամպլիտուդը նվազած է կամ բացակայում է։ Հետագայում (հաճախ հիվանդության առաջին իսկ ժամերին) ST սեգմենտն սկսում է իջնել դեպի իզոգիծը, ձևվորվում է երկֆազ (+) T ատամիկ, որն էլ վերափոխվում է խորը, բացասական և համաչափ T-ի։
- Ենթասուր շրջան (հիվանդության 14-րդ օրից մինչև 3 ամիս). ST սեգմենտն գտնվում է իզոգծի վրա, Q ատամիկը կամ QS կոմպլեքսը պահպանվում են, R ատամիկի ամպլիտուդը ցածր է, բացասական T ատամիկներն աստիճանաբար խորանում են, դառնում սրածայր («պսակային» T ատամիկների ձևավորում)։ Հետագայում T ատամիկների խորությունը դանդաղ փոքրանում է և դրանք կարող են դառնալ դրական։
- Քրոնիկական (սպիացման) շրջան. կարող են գրանցվել ախտաբանական Q ատամիկներ կամ QS կոմպլեքսներ, որոնք հաճախ չեն անցնում ամբողջ կյանքի ընթացքում` վկայելով տարած ինֆարկտի մասին։ Որոշ դեպքերում սրագույն կամ սուր շրջանի փոփոխությունները («սառած ԷՍԳ») գրանցվում են նաև այս շրջանում` վկայելով անևրիզմայի ձևավորման մասին։
Սրտամկանի խոշոր օջախային ինֆարկտին բնորոշ է ախտաբանական Q ատամիկի առաջացումը և R-ի ամպլիտուդի նվազումը։ Տրանսմուրալ ինֆարկտը բնութագրվում է QS-ի ձևավորումով և R ատամիկի անհետացումով։
Սրտամկանիիշեմիայի, վնասման և մեռուկացման ժամանակ ԷՍԳ պատկերը
Սրտամկանի ինֆարկտի տեղակայման որոշում` ըստ ԷՍԳ համապատասխան արտածումներում փոփոխությունների առկայության
- Կողմնային ինֆարկտ. I, aVL, V4-V6։
- Ստորին-կողմնային ինֆարկտ. II, III, aVF, I, aVL, V4-V6։
- Առաջային-միջնապատային ինֆարկտ. V1-V3։
- Գագաթային ինֆարկտ. V4։
- Առաջային-կողմնային ինֆարկտ. I, aVL, V1-V6։
- Ստորին ինֆարկտ. II, III, aVF։
- Հետին ինֆարկտ. V1 և V2 արտածումներում R/S հարաբերությունը 1-ից ավելի։
Սրտամկանի ինֆարկտի որոշ դեպքերում ԷՍԳ-ի վրա որևիցե փոփոխություն չի գրանցվում։ Նման դեպքերում վճռորոշ դեր է խաղում կլինիկական պատկերի մանրակրկիտ վերլուծությունը։ Ինֆարկտի ԷՍԳ ախտորոշումը դժվարանում է և անհնար դառնում, եթե հիվանդի մոտ նախկինում առաջացել էին Հիսի խրձի ոտիկների պաշարումներ։ Ինֆարկտի մասին վկայում է Հիսի խրձի ոտիկների սուր (նոր առաջացած) պաշարումը, եթե այն ուղեկցվում է համապատասխան կլինիկայով։ Այս դեպքում ԷՍԳ-ի միջոցով հնարավոր չէ որոշել հիվանդության շրջանը և սրտամկանի ախտահարման ծանրությունը։
Հաճախ սրտամկանի ինֆարկտին նախորդում է ստենոկարդիա, որը ժամանակին չի ախտորոշվում։ Հիվանդները, երբեմն նաև բժիշկները, ուշադրություն չեն դարձնում սրտամկանի անցողիկ իշեմիայի կլինիկական (ստենոկարդիա) և ԷՍԳ դրսևորումներին։ Այդ վիճակը հավաստիորեն կարելի է գրանցել հիվանդին վելոէրգոմետրի կամ տրեդմիլի վրա ծանրաբեռնելիս։ Սրտամկանի անցողիկ իշեմիան հնարավոր է ախտորոշել նաև շուրջօրյա ամբուլատոր ԷՍԳ (Խոլտերյան) մոնիտորինգի ժամանակ, սակայն այս մեթոդի ախտորոշիչ հնարավորություններն անհամեմատ սուղ են։
Նշված ֆուկցիոնալ փորձերի միջոցով շատ դեպքերում հնարավոր է լինում վավերացնել սրտամկանի անախտանիշ (անցավ, առանց ստենոկարդիայի կամ նրա էկվիվալենտների) իշեմիան և գնահատել կյանքի պրոգնոզը։
Սրտամկանի անցողիկ իշեմիայի ԷՍԳ հուսալի նշանն է ST սեգմենտի հորիզոնտալ կամ թեք վայրէջ դեպրեսիան` 1 մմ-ից ավելի, j կետից (գտնվում է QRS կոմպլեքսի վերջնական հատվածի և ST սեգմենտի միացման տեղում) 0,06-0,08 վայրկյան հետո։ Հազվադեպ անցողիկ իշեմիայի ժամանակ ST սեգմենտը ենթարկվում է էլևացիայի։ ԷՍԳ այլ փոփոխությունները` հատկապես R ատամիկի ամպլիտուդի փոփոխությունը, բացասական T ատամիկի առաջացումը, չեն կարող դիտվել որպես սրտամկանի անցողիկ իշեմիայի յուրահատուկ նշաններ։
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ ST սեգմենտի նշված դեպրեսիան երբեմն ի հայտ է գալիս գործնականորեն առողջ անձանց մոտ, և այդ դեպքում ցուցված են ընդլայնված հետազոտություններ` հատկապես պսակային անգիոգրաֆիա։
Սրտամկանի ինֆարկտի ֆերմենտային ախտորոշում
Տրոպոնին I-ն կծկողական սպիտակուց է, որը նորմայում արյան մեջ չի հայտնաբերվում։ Համարվում է սրտամկանի ինֆարկտի առավել զգայուն և վաղաժամ շիճուկային մարկերը։ Տրոպոնին T-ն ավելի քիչ զգայուն մարկեր է, քան տրոպոնին I-ն։
Լակտատդեհիդրոգենազայի, ասպարտատամինոտրանսֆերազայի և ալանինամինոտրանսֆերազայի մակարդակների փոփոխությունները յուրահատուկ չեն սրտամկանի ինֆարկտին։
Միոգլոբինը համարվում է զգայուն, սակայն ոչ յուրահատուկ մարկեր։
Պետք է հաշվի առնել, որ ընդհանուր կրեատինինֆոսֆոկինազայի և MB ֆրակցիայի մակարդակների կրկնակի կամ եռակի աճ կարող է արձանագրվել նաև մկանային հյուսվածքի ցանկացած վնասման, էլեկտրոկարդիովերսիայի, դեֆիբրիլյացիայի և մի շարք հիվանդությունների ժամանակ.
-
միջմկանային ներարկումներ (սրտամկանի ինֆարկտի ժամանակ դրանք հակացուցված են, քանզի դժվարացնում են ֆերմենտային ախտորոշումը),
-
ծանր ֆիզիկական լարում,
-
կմախքային մկանների ախտաբանություն (միոպաթիաներ, պոլիմիոզիտ) կամ վնասվածք,
-
ալկոհոլիզմ,
-
թոքային զարկերակի թրոմբէմբոլիա,
-
էլեկտրահարում,
-
ինսուլտ,
-
երկարատև ճնշման համախտանիշ,
-
վերջույթների երկարատև անշարժացում,
-
հիպոթիրեոզ, թիրեոիդիտ։
Ինֆարկտի ֆերմենտային ախտորոշման մեջ կարևորվում է նաև կրեատինինֆոսֆոկինազայի MB ֆրակցիայի որոշումը դինամիկայում։ Այդ մարկերի մակարդակի աճը 25%-ով կրկնակի, 4 ժամ ընդմիջումով կատարված քննության ժամանակ բարձրացնում է ախտորոշման զգայունությունը մինչև 100%։
Սրտամկանի ինֆարկտի կլինիկական ձևերը
- Ցավային (անգինոզ). սրտամկանի ինֆարկտի սկիզբը` բնորոշ ցավային նոպայով։
- Ասթմային. սկիզբը` սրտային ասթմայի նոպայով։
- Առիթմիկ. սկիզբը` սրտի ռիթմի խանգարումով։
- Կոլապտոիդ. սկիզբը` կոլապսով։
- Ուղեղային. սկիզբը` օջախային նյարդաբանական ախտանիշներով։
- Որովայնային. սկիզբը` վերվորովայնի ցավերով և դիսպեպսիայով։
- Անցավ. սրտամկանի ինֆարկտի գաղտնի սկիզբ (ավելի հաճախ հանդիպում է տարեց և ծեր, շաքարային դիաբետով, հիպերտոնիկ հիվանդությունով հիվանդների շրջանում։ Հանդիպում է 15-20% դեպքերում)։
Սրտամկանի ինֆարկտի սուր և ենթասուր շրջանների բարդությունները
-
Ռիթմի խանգարումներ։ Առաջանում են համարյա միշտ։ Առաջին ժամվա ընթացքում հաճախ մահվան պատճառ է դառնում փորոքների ֆիբրիլյացիան։
-
Սուր սրտային անբավարարություն (թոքի այտուց, կարդիոգեն շոկ)։ Հաճախ առաջ է գալիս ձախ փորոքի ծավալուն ախտահարման ժամանակ։ Արյան սիստոլիկ ճնշումը 90 մմ ս.ս.-ից ցածր է, ծայրամասային անոթները կծկված են, առկա է օլիգուրիա 20 մլ/ժամ-ից ցածր, գիտակցությունը մթագնած է։
-
Սրտի անևրիզմ։ Առաջանում է տրանսմուրալ ինֆարկտի 80-90% դեպքերում։ Տեղակայվում է գագաթի, առաջակոմնային պատի շրջանում։ Դինամիկայում ԷՍԳ-ի վրա բացակայում են սրտամկանի ինֆարկտին բնորոշ փոփոխությունները, ԷՍԳ-ի պատկերը «սառում է»։ QRS կոմպլեքսի վոլտաժը I և V4-V6 արտածումներում զգալիորեն իջած է։
-
Սրտի պատռում, միթրալ ռեգուրգիտացիա, տամպոնադ։
-
Պերիկարդիտ։
-
Թրոմբոէմբոլիկ բարդություններ։
-
Ստամոքս-աղիքային ուղու սուր էրոզիաներ և խոցեր։
-
Քրոնիկական սրտային անբավարարություն։
-
Ռիթմի խանգարումներ։
-
Սրտի քրոնիկական անևրիզմ։
-
Թրոմբոէմբոլիկ բարդություններ։
-
Դրեսլերի հետինֆարկտային համախտանիշ։
Դասակարգում
Սրտամկանի ինֆարկտով հիվանդների բուժման կազմակերպման և պրոգնոզը գնահատելու տեսակետից կարևոր են հետևյալ դասակարգումները։
1. Ըստ սրտամկանի ախտահարման խորության (ԷՍԳ-ի հիման վրա)`
-
Սրտամկանի տրանսմուրալ, խոշոր օջախային, թափանցող ինֆարկտ (սկզբնական շրջանում ST սեգմենտի էլևացիայով և հետագայում` ախտաբանական Q ատամիկի ձևավորումով)
-
Սրտամկանի մանր օջախային, չթափանցող ինֆարկտ («առանց Q ատամիկի ինֆարկտ», որին դասվում են սուբէնդոկարդիալ և ինտրամուրալ ինֆարկտները։ Դրանց դեպքում Q ատամիկ չի ձևավորվում, սակայն առաջանում է բացասական համաչափ T ատամիկ)
2. Ըստ կլինիկական ընթացքի`
-
Չբարդացած ինֆարկտ
-
Բարդացած ինֆարկտ
3. Ըստ տեղակայման`
-
Ձախ փորոքային ինֆարկտ.
— առաջային,
— հետին (ստորին),
— միջնապատի
-
Աջ փորոքային ինֆարկտ
Բժշկի գործելակերպը սրտամկանի ինֆարկտի կասկածի դեպքում
Անհրաժեշտ է առաջին հերթին բացառել կրծքավանդակի ցավի այլ պատճառները։ Պսակային անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումից բացի, կրծքավանդակի ցավը կարող է ուղեկցել աորտայի, ստամոքս-աղիքային ուղու, թոքերի և թոքամզի, հենաշարժիչ ապարատի և այլ հիվանդությունները։ Ոչ կորոնարոգեն կրծքավանդակի ցավը կոչվում է կարդիալգիա։ Որպես կանոն, կրծքավանդակի ցավը վկայում է պրոգնոզի տեսակետից լուրջ ախտաբանության մասին, սակայն այն կարող է ի հայտ գալ բարենպաստ ելքով հիվանդության ժամանակ։
Տարբերակիչ ախտորոշում
Կրծքավանդակի ցավի պատճառը պարզելու համար կարևոր նշանակություն ունեն մանրամասն հավաքած անամնեզի տվյալները։ Անամնեզ հավաքելիս ուշադրություն են դարձնում ցավի տեղակայմանը, ճառագայթման ուղղությանը, ցավի արտահայտվածությանը, ցավի սկզբին և ընթացքին, ցավն ուժեղացնող և մեղմացնող գործոններին, ուղեկցող ախտանիշներին, նախկինում տարած հիվանդություններին։ Տարբերակելիս առաջին հերթին պետք է մտածել սրտամկանի ինֆարկտի, անկայուն ստենոկարդիայի, թոքային զարկերակի թրոմբէմբոլիայի, աորտայի շերտազատող անևրիզմայի, պնևմոթորաքսի մասին։ Դրանք կրծքավանդակի ցավի առավել վտանգավոր պատճառներն են, որոնց դեպքում անհրաժեշտ են անհետաձգելի միջոցառումներ։
Թոքային զարկերակի թրոմբէմբոլիա
-
Անամնեզում` վիրահատություն, հատկապես որովայնի և միզասեռական օրգանների վրա, երկարատև անշարժություն, հետծննդաբերական շրջան, թրոմբոֆլեբիտ, ձկնամկանների ցավ։
-
Խիստ բնորոշ են ցիանոզը, արյունախխումը։
-
Տեսանելի են պարանոցի լայնացած երակները։
-
Զարգանում է սինկոպալ վիճակ։
-
II տոնի շեշտվածություն թոքային զարկերակի վրա։
-
ԷՍԳ վրա` սինուսային տախիկարդիա, բարձր սրածայր PII, PIII, PavF, QIII (սակայն QII ատամիկի բացակայություն), խորը SI, SII-ի առկայություն, STII-ի դեպրեսիա և STIII-ի էլևացիա, բացասական TIII (ձևավորվում է սկզբնական շրջանում), աջ փորոքի գերբեռնվածության նշաններ, Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում և այլն։ ԷՍԳ փոփոխությունները տեղի են ունենում մի քանի ժամերի, օրերի ընթացքում։ Պետք է տարբերակել սրտամկանի ստորին պատի ինֆարկտից։
-
Ախտորոշմանն օգնում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը։ Հայտնաբերվում է թոքային ցողունի արտափքում, թոքարմատի միակողմանի մեծացում, թոքում եռանկյունաձև ստվերի առաջացում։
-
Բուժումն սկսելիս հաշվի են առնում հեպարին, ֆիբրինոլիտիկներ, թթվածնի ինհալյացիա, էուֆիլին, նիֆեդիպին նշանակելու անհրաժեշտությունը։
Աորտայի շերտազատող անևրիզմ
-
Անամնեզում` աթերոսկլերոզ, երկարատև զարկերակային հիպերտենզիա (հաճախ), բութ վնասվածք, Մարֆանի (հիվանդները բարձր հասակի են, ասթենիկ մարմնակազմության, դեմքն ունի «թռչնային» արտահայտություն, մկանային համակարգը թույլ է զարգացած, կրծքավանդակը ձագարանման է, լայն միջկողային տարածություններով, առկա են կիֆոզ, «սարդանման» մատներ երկար ֆալանգներով, հոդերի գերշարժունություն, հարթաթաթություն, տարբեր տեսակի ճողվածքներ, աորտայի արատներ, տեսողության խանգարումներ` պայմանավորված ակնաբյուրեղի դուրսանկումով) և Էլերս-Դանլոսի հիվանդություններ (բնորոշ են մաշկի գերառաձգականությունը, սպոնտան արյունազեղումները, հոդերի գերշարժունակությունը, տարբեր տեսակի ճողվածքները, սպոնտան պնևմոթորաքսը, երկփեղկ փականի պրոլապսը։ Չնչին վնասվածքները հանգեցնում են ծխախոտի թուղթ հիշեցնող սպիների առաջացմանը)։
-
Բնորոշ է հանկարծակի ծագող այրող, ճնշող սաստիկ ցավ կրծքավանդակի առաջային մակերեսին, որը ճառագայթում է առջևից հետ, դեպի պարանոցը, ուսերը, որովայնը և ոտքերը։ Հատկանշական է սաստիկ ցավի (ավելի ուժեղ, քան սրտամկանի իշեմիայի և ինֆարկտի ժամանակ), հանկարծակի առաջանալը։
-
Արյան սիստոլիկ ճնշման տարբերությունը երկու ձեռքերի կամ ձեռքի և ոտքի միջև 25 մմ-ից բարձր է։
-
Զարգանում են սուր նյարդաբանական ախտանիշներ. պարեսթեզիա, սինկոպալ վիճակ և այլն։
-
Անհրաժեշտ է կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, որը սովորաբար օգնում է ճշտել ախտորոշումը։
Սպոնտան պնևմոթորաքս
-
Հաճախ հանդիպում է 30-40 տարեկան նրբակազմ տղամարդկանց մոտ։
-
Անամնեզում` բրոնխային ասթմա, էմֆիզեմա, տուբերկուլյոզ։
-
Ցավը տեղակայվում է կրծքավանդակի կողմնային շրջանում, ուղեկցվում է հևոցով և հազով։
-
Շնչառության ժամանակ ախտահարված կողմի էքսկուրսիայի թուլացում։
-
Կրծքավանդակի ծավալի մեծացում ախտահարված կողմում։
-
Ախտահարված կողմում` տիմպանիկ հնչյուն, թոքի ստորին հատվածի շարժունակության բացակայություն, թուլացած շնչառություն կամ շնչական աղմուկների բացակայություն։
-
Միջնորմի տեղաշարժ դեպի առողջ կողմը։
-
ԷՍԳ վրա` R ատամիկները բացակայում են բոլոր կրծքային արտածումներում։
-
Ախտորոշմանն օգնում է ռենտգեն հետազոտությունը։
-
Հևոցի և ցավի ուժեղացման դեպքում պետք է մտածել լարված պնևմոթորաքսի մասին, որի ժամանակ անհրաժեշտ է պլևրալ պունկցիա։
Սուր պերիկարդիտ
-
Ցավի ուժգնությունը կապված է սրտի աշխատանքի, շնչական շարժումների (ցավի ուժեղացում խորը ներշնչման պահին և ստետոսկոպով կրծքավանդակին սեղմելիս), մարմնի դիրքի (ցավն ուժեղանում է մեջքի վրա պառկած և մեղմանում նստած վիճակում), երբեմն կլման հետ։
-
Անամնեզում` շնչուղիների սուր վիրուսային վարակ, տուբերկուլյոզ, ռևմատիզմ, ուրեմիա։
-
Երբեմն լսվում է պերիկարդի քսման աղմուկ։
-
ԷՍԳ-ի վրա` ST սեգմենտի կոնկորդանտ էլևացիա արտածումների մեծամասնությունում, R ատամիկի ամպլիտուդի նվազում և T ատամիկի ինվերսիա։ Ի տարբերություն սրտամկանի ինֆարկտի՝ այդ դեպքում իզոգծից շեղված ST սեգմենտը ունի ոչ թե արտափքված (կամարաձև), այլ ներընկած տեսք։ Ախտաբանական Q ատամիկ չի ձևավորվում։ ST սեգմենտը մի քանի օրվա ընթացքում իջնում է իզոգծի վրա, որից հետո ձևավորվում է բացասական T ատամիկ։ Հակառակ դրան, սրտամկանի ինֆարկտի դեպքում բացասական T ատամիկը ձևավորվում է նախքան ST սեգմենտի իջնելը։
-
Ախտորոշմանն օգնում է ռենտգեն հետազոտությունը։
Երկփեղկ փականի պրոլապս
-
Աուսկուլտատիվ` սիստոլիկ աղմուկ և շրխկոց (mid-systolic click and end-systolic murmur)։
-
Կարող են զարգանալ ցանկացած տեսակի առիթմիաներ, այդ թվում նաև` կյանքին վտանգ սպառնացող։
-
Ախտորոշմանն օգնում է էխոսրտագրությունը։
Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա
-
Ցավը երկարատև է, կապված չէ ֆիզիկական լարման հետ, առաջանում է հոգեհուզական գերլարման ժամանակ, մեղմանում կամ անցնում հանգստացնող միջոցառումներից, վալիդոլ ընդունելուց։ Նիտրոգլիցերինն անարդյունավետ է։
Սուր միոկարդիտ
Պլևրիտով բարդացած թոքաբորբ
-
Բնորոշ է ցավի ուժգնության և շնչառության միջև կապի առկայությունը։
-
Ախտորոշմանն օգնում են լաբորատոր և ռենտգեն հետազոտությունները։
Թոքի քաղցկեղ, մեզոթելիոմա
Միջնորմի ախտաբանություն (մեդիաստինիտ, ուռուցք)
Մկանային սպազմ, համաճարակային մկանացավ (պլևրոդինիա, Բորնհոլմի հիվանդոթյուն)
Կողերի կոտրվածք, ուռուցքի մետաստազներ
Տիտցի համախտանիշ (կող-աճառային համակցման ցավոտ ուռածություն)
-
Հաճախ հանդիպում է ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների և մարզիկների մոտ։
-
Սովորաբար ախտահարումը միակողմանի է, տեղակայվում է կրծքավանդակի ձախ հատվածում , I, II կամ այլ կողաճառներում։
-
Ցավին հաճախ նախորդում է ծանրության բարձրացում։ Ցավն սկսվում է սուր կամ աստիճանաբար հարաճում։ Մի քանի ժամվա կամ օրերի ընթացքում ախտահարված կողի վրա ձևավորվում է կարծր մաշկի մակարդակից 5-6 սմ բարձրացող ուռածություն։
-
Շոշափելիս հայտնաբերվում է կողեզրերի խիստ արտահայտված ցավոտություն։
Ողնաշարի կրծքային հատվածի օստեոխոնդրոզ
-
Ցավերը տևական են։
-
Ակնհայտ է կրծքավանդակի ցավի և շնչառության, մարմնի շարժումների, դիրքի միջև կապի առկայությունը։
-
Առկա է տեղային ցավոտություն համապատասխան ողների և նյարդերի ուղղությամբ շոշափելիս։
Միջկողային նևրալգիա
-
Մակերեսային ցավ։
-
Նյարդերի ուղղությամբ տարածվող ցավեր, որոնք սաստկանում են պարանոցի կամ մեջքի շարժումներից։
Գոտևորող որքին
-
ԷՍԳ-ն առանց փոփոխությունների։
-
Ցավի առաջացումից մի քանի օր անց միջկողային նյարդի ուղղությամբ հիպերեմիկ ֆոնի վրա հայտնաբերվում է վեզիկուլյար ցան։
Ողնուղեղի ուռուցք
Որկորի պատռվածք, ուռուցք, ստամոքս-որկորային ռեֆլյուքս, օտար մարմին որկորում, լեղապարկի հիվանդություններ, այդ թվում` սուր խոլեցիստիտ, սուր պանկրեատիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի թափածակում
-
Առկա են դիսպեպսիայի նշաններ, վերորովայնի կամ աջ թուլակողի ցավեր, որոնք կապված են սնունդ ընդունելու հետ, ունեն բնորոշ ճառագայթում։
-
Հիվանդի վիճակը թեթևացում սնունդ կամ անտացիդներ ընդունելուց հետո։
-
Ճարպոտ սնունդը վատ է մարսվում։
-
Որովայնը շոշափելիս հայտնաբերվում են բնորոշ նշաններ։
Ենթաստոծանային թարախակույտ
Դեպրեսիա, տագնապ, վախեր, hիպերվենտիլյացիոն համախտանիշ
-
Ժամերից օրեր տևող անորոշ բնույթի անհանգստություն (դիսկոմֆորտ), ծակող, սեղմող ցավ սրտի շրջանում, որը սովորաբար չի ճառագայթում և առաջանում է հոգեհուզական լարումներից։
-
Առկա են հիպերվենտիլյացիա, թուլություն, սրտխփոց, աերոֆագիա։
Բուժում
Բուժման նպատակները
-
Ցավազրկում
-
Պսակային արյան հոսքի կարգավորում
-
Սրտի աշխատանքի և թթվածնի հանդեպ սրտամկանի պահանջի նվազեցում
-
Սրտամկանի ինֆարկտի չափսերի սահմանափակում
-
Սրտամկանի ինֆարկտի բարդությունների կանխարգելում և բուժում
-
Հիվանդի դիրքի կարգավորում. ցածր ճնշման դեպքում պառկած, մնացած դեպքերում` կիսանստած (կարելի է իջեցնել ոտքերը, հատկապես շնչական անբավարարության և կարդիոգեն շոկի դեպքում)։
-
Ցավազրկման համար` նիտրոգլիցերին` 1 հաբ (0,5 մգ) ենթալեզվային, եթե ստենոկարդիկ ցավերը շարունակվում են, ապա կարելի է 5 րոպեն մեկ կրկնել դեղահաբի ենթալեզվային ընդունումը (արյան սիստոլիկ ճնշումը >90 մմ ս.ս. և սրտի կծկումների հաճախականությունը >50-ից (րոպեում) պարագայում, ընդամենը` 3 հաբ)։
-
Եթե նիտրոգլիցերին ընդունելուց ցավը չի անցնում, նշանակում են թմրաբեր ցավազրկողներ, որոնք օժտված են ցավազրկող, սեդատիվ, անոթալայնիչ, սրտի նախաբեռնվածությունն իջեցնող և հեմոդինամիկան կարգավորող հատկություններով, նվազեցնում են թթվածնի հանդեպ սրտամկանի պահանջը։ Վերջինների նշանակման հարցը լուծելու համար պետք է բացառվի «սուր որովայնով» պայմանավորված ցավային համախտանիշը, պարզվի` եղե՞լ են նախկինում` հատկապես տարեցների և ծերերի մոտ, քրոնիկական թոքային հիվանդություններ, բրոնխային ասթմա, ցնցումային համախտանիշ։
Նախահիվանդանոցային փուլում ցավազրկման համար ընտրության պատրաստուկ է համարվում մորֆինը։ Օգտագործվում է 1%-անոց 1-2 մլ (10-20 մգ) մորֆինի հիդրոքլորիդ ներերակային, դանդաղ։ Նախընտրելի է 1 մլ մորֆինը լուծել 19 մլ ֆիզ. լուծույթում և ստացված լուծույթը (1 մլ պարունակում է 0,5 մգ մորֆին) ներարկել կոտորակային դեղաչափերով` 2-5 մգ 5-15 րոպեն մեկ՝ մինչև ցավի անհետացումը կամ կողմնակի ազդեցությունների ի հայտ գալը (շնչական կենտրոնի արգելակում, փսխում, հիպոտենզիա և այլն)։
Նախահիվանդանոցային փուլում մորֆինի գումարային դեղաչափը չպետք է գերազանցի 20 մգ։
Գրականություն
-
Հարությունյան Վ.Մ., Գրիգորյան Գ.Ա., Ներքին օրգանների հազվագյուտ հիվանդություններ, Երևան, «Լույս», 1995, 272 էջ։
-
Адамян К.Г. Современные тенденции в лечении острого инфаркта миокарда // Мед. наука Армении.- 1995.- Том 35, N1-2.- С. 42-50.
-
Городецкий В.В. Инфаркт миокарда // Consilium-Medicum.- 2000.- Том 2, N9.-www.сonsilium-medicum.com/media/consilium/00_09/356_1.shtml
-
Марцевич С.Ю. Острая боль в груди // Consilium-Medicum.- 2000.- Том 2, N11.-www.сonsilium-medicum.com/media/consilium/00_11/444.shtml
-
Нифонтов Е.М., Рудакова Т.Л., Салимьянова А.Г. Клинический анализ электрокардиограммы.- Санкт-Петербург: Изд-во СПбГМУ, 1999.- 88 с.
-
Оганов Р.Г. Ишемическая болезнь сердца (профилактика, диагностика, лечение).- Москва: Изд-во МЦП, 1997.- 76 с.
-
Руководство по фармакотерапии для врачей и фармацевтов.- Под ред. Э.С.Габриеляна, Р.Г.Борояна.- Ереван: «Гитутюн», 2001.- С. 171-185.
-
Руксин В.В. Диагностика и неотложная помощь при тромбоэмболии легочной артерии // Новые Санкт-Петербургские врачебные ведомости.- 1999.- N3.-С. 51-55.
-
Спутник терапевта (внутренние болезни в вопросах и ответах).- Под ред. Ю.Р.Ковалева.- Санкт-Петербург: «Фолиант», 1997.- 448 с.
-
Статистический сборник Республиканского информационно-аналитического центра здравоохранения.- Ереван, 1998.
-
Столов С.В. Комплексное лечение стенокардии // Росс. сем. врач.- 2002.- Том 6, N1.- С. 7-15.
-
Chesebro M.J. Using serum markers in the early diagnosis of myocardial infarction // Am. Fam. Phys.- 1997.- N7.- P. 2667-2673.
-
The Cleveland clinic intensive review of internal medicine.- Ed. by J.K.Stoller, M. Ahmad, D.L.Longworth.- “Wiliams and Wilkins”, 1998.
-
USMLE step 2. Lecture Notes. Internal medicine.- “Kaplan Medical”, 2003.
-
Wood D., De Backer G., Faergeman O. et al. Prevention of coronary heart disease in clinical practice. Summary of recommendations of the second joint task force of European and other societies on coronary prevention // Eur. J. Gen. Pract.- 1999.- Vol. 5.- P. 154-161.
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն